Մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ Նոր Զելանդիայում COVID-19-ի նոր դեպք է գրանցվել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` վիրուսը հայտնաբերվել է 56-ամյա մի կնոջ մոտ, ով երկիր էր վերադարձել դեկտեմբերի 30-ին: Նա վարակված է COVID-19-ի հարավաֆրիկյան շտամով:

 

Գործակալությունը հաղորդում է, որ կինը երկու շաբաթ գտնվել է կարանտինում, որի ընթացքում 2 անգամ նրա թեստը բացասական արդյունք է տվել: Թեստի պատասխանը դրական է եղել կարանտինի ավարտից հետո միայն: Կնոջ կոնտակտավորների մոտ կորոնավիրուսի թեստն առայժմ բացասական է:

Նոր Զելանդիան աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարը բավական հաջող է ընթացել: Մինչև այս դեպքը Նոր Զելանդիայում վարակի ներքին փոխանցման դեպք վերջին անգամ գրանցվել էր նոյեմբերին:

Worldometers կայքի տվյալներով` Նոր Զելանդիայում մինչև օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 2288 դեպք, որոնցից 25-ը` մահվան ելքով:

Իսկ ընդհանուր առմամբ, աշխարհում մինչև օրս հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 100 միլիոնի: Հիվանդությունը 2 միլիոն 130 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Այսօրվա դրությամբ՝ աշխարհում կա 25 միլիոնից ավելի վարակակիր: