Հեղափոխությունից հետո բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր նախկինում զբաղեցնում էին բարձր պաշտոններ կամ պահպանեցին իրենց դիրքերը, կամ էլ հավատարմության երդում տալով նոր իշխանություններին՝ բավական լուրջ կարիերային թռիչք արձանագրեցին կամ ունեն նման ակնկալիքներ:
Հեղափոխությունն այնքան շռայլ գտնվեց, որ նաև շանս տվեց Սերժ Սարգսյանի մտերիմ կադրերի՝ գլխավոր դատախազ Դավթյանին, հաշվեքննիչ պալատի ղեկավար Յոլյանին, ԿԸՀ նախագահ Մուկուչյանին: Արթուր Ջավադյանը, ով երկար տարիներ աշխատել էր Սերժ Սարգսյանի կաբինետում, նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը նույնպես նախկին իշխանության կադրեր էին: Սերժ Սարգսյանի մտերիմ Երվանդ Խունդկարյանն էլ մեծ դժվարությամբ, սակայն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում: Իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով ԱԺ-ում է հայտնվել Սյունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրվելով, նախկին ՀՀԿ-ական է, գործարար:
Չմոռանանք, իհարկե, բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Սերժ Սարգսյանի մտերիմ, «Էլիտ Գրուպ» ընկերության սեփականատեր Արման Մկոյանն այժմ էլ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՏՄՊՊՀ նախագահը համարվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրը: Կարապետյանի նախկին խորհրդական Գևորգ Մուրադյանն էլ նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
Ռոբերտ Քոչարյանի գովքով մշտապես աչքի ընկած Գուրգեն Արսենյանը այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ:
Վերջին շրջանցում սոցիալական ցանցերում բավականին ակտիվացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: Նա այսօր ակտիվ որակումներ է տալիս նախկին իշխանություններին, բացասական բնորոշումներ հնչեցնում, քննադատում։
Ինչպես երևում է' որոշ պաշտոնյաների համար միևնույն է, թե ով կլինի օրվա իշխանություն և գլխավոր նպատակը, նրանց դեպքում, այդ իշխանությունից հնարավորինս մեծ օգուտներ և անձնական դիվիդենտներ քաղելն է...