Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջեւ կանգնած չի եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար։ Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի գտնվեր եւ իր խոսքը պիտի ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, պատգամի կերպով բերող»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հարցին՝ արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր համոզումներում, դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա»։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք եկեղեցին պառակտող քայլեր չի՞ ձեռնարկում՝ լինելով որեւէ քաղաքական ուժի դիրքորոշման կողքին, Գարեգին Բ Կաթողիկոսն ասաց. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային եւ պետական շահերից։ Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իր հայտարարությունից հետո քաղաքացիները դուրս չեկան փողոց եւ չպահանջեցին նրա հրաժարականը, կաթողիկոսն արձագանքեց. «Հորդոր եւ կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ համապատասխան գործողություններ իրականացնի։ Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին։ Մեր հիմնավորումներն առկա են մեր խոսքի տեքստում»։
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ են իր եւ վարչապետի միջեւ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին շրջանում կաթողիկոսն ու վարչապետն առանձին-առանձին են գալիս Եռաբլուր, Վեհափառը հարցրեց, թե այսօր եղե՞լ են Եռաբլուրում, լրագրողներն ասացին՝ այո. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին։ Բայց կարծում եմ՝ ներկա կացության մեջ այս տարբերակը պատշաճ մոտեցում է»։
Կաթողիկոսն անդրադառնալով եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնելու հարցին, ասաց. «Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է, երբ չենք ունեցել պետականություն։ Այսօր գոհություն Աստծո, նաեւ եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում ունենք հայոց պետականություն։ Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»։
Հարցին՝ ինչո՞ւ նախկինում եկեղեցին չի քննադատել ՀՀ իշխանություններին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ եւ խոսք հնչեցնել»։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում եկեղեցու մեղքի բաժինն արդյոք կա՞, եւ լրագրողի դիտարկմանը, թե եկեղեցու հոգեւորականներին տարբեր ժամանակներում կապում էին կոռուպցիոն գործարքների, նյութական արժեքների հետ, իսկ եկեղեցին չէր հերքում այդ լուրերը, Վեհափառն արձագանքեց. «Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն, հաստատվեն։ Այն ժամանակ կարելի է խոսել, քննադատել եւ պատասխանատվության կանչել ընդհուպ նաեւ եկեղեցու ղեկավարությանը։ Նավասարդ սրբազանը ստացել է նվեր «Բենթլի» ավտոմեքենա։ Այդ ավտոմեքենան ինքը վաճառել ու նվիրել է կարիքավորներին։ Շահարկել նման երեւույթները չեմ կարծում, որ ճիշտ է։ Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանի իրենց առաքելությունն են իրականացնում անտրտունջ կերպով։ Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին եւ գործունեությանը, բարվոք վիճակում ապրող 1-2 եկեղեցական կա»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց, որ եթե այդ աշխարհիկ հաճույքները հարվածում են եկեղեցականի կամ եկեղեցու վարկին, ուրեմն դա արժանանում է համարժեք գնահատանքի եկեղեցու իշխանության կողմից. «Եկեղեցու վերադասը խիստ վերաբերմունք է դրսեւորում նման երեւույթների նկատմամբ։ Պարզ հաճույքները բնական են, որ պետք է եկեղեցականը գնա քեզ հետ նստի սրճարան, զրուցի։ Չպետք է սա դիտարկել շեղում իր առաքելությունից»։
Անդրադառնալով հհայ ռազմագերիների փոխանակման հարցին՝ Վեհափառն ասաց, որ իրենք բոլոր ջանքերն այդ ուղղությամբ գործադրում են։
Հարցին՝ հնարավո՞ր է այդ հարցով դիմել Հռոմի Պապին, Վեհափառն ասաց. «Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը եւ պատշաճ քայլեր ենք ձեռնարկում»։
Անդրադառնալով թշնամու կողմից եկեղեցիների պղծմանը՝ կաթողիկոսը դատապարտեց այդ երեւույթը. «Ջանքեր գործադրում ենք, որպեսզի նաեւ միջազգային հանրությունը եւս իր դատապարտության խոսքն ասի այդ երեւույթների առնչությամբ։ Այս առումով մենք մեր գնահատանքն ենք արտահայտում Ռուսաստանի Դաշնության իշխանության, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ եկեղեցու պետին այն զորակցության համար, որ հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը»։
Հարցին՝ արդյոք հայոց պետականությունը կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, կաթողիկոսն ասաց. «Աստված մի արասցե, ռիսկեր միշտ էլ կան։ Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով եւ հայրենանվեր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»։