«Թովմասյան» հիմնադրամը, շարունակելով իր բարեգործական նախագծերի շարքն' ուղղված արցախցի ընտանիքների եւ զինվորների աջակցությանը, նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Խաղաղությունը' զինվորի աչքերով»։
Հունվարի 28-ին՝ Բանակի տոնի կապակցությամբ, հիմնադրամն այցելել է «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորել նրանց, պարգեւել դրական լիցքեր, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարել կտավներ՝ «Խաղաղությունը' զինվորի աչքերով» խորագրով։
Նախաձեռնությանը միացել են նաեւ Նկարիչների միության մի քանի տաղանդավոր նկարիչներ, որոնք օգնել են զինվորներին' իրենց պատկերացումները փոխանցել կտավին։
Նախաձեռնության շրջանակներում նկարված կտավների աճուրդ-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների բուժմանը։
«Ծրագրի ամբողջ ընթացքը թափանցիկ է եւ հասանելի մեր պաշտոնական էջերում։ Հիմնադրամի կողմից ստեղծված անկախ խորհուրդի վերահսկողության ներքո' նախագծի ամբողջ հասույթը կտրամադրվի տարբեր բուժհաստատություններում գտնվող զինվորներին՝ փրկելու համար նրանց կյանքը։
Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ' մենք կկարողանանք օգնել ու փրկել մեր զինվորներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր կյանքի համար։
Միացեք մեզ. միասնական ու համատեղ ուժերով մենք կկարողանանք իրագործել անհնարինը»,- ասված է «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։