28-ամյա կամավորական Տարոն Զաքարյանը փրկել է ժամկետային զինծառայող Սամվել Գևորգյանի կյանքը՝ ընկնելով շրջափակման մեջ:
Տարոնը որպես կամավոր առաջնագիծ է մեկնել պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին: Կռվել է Մարտունի 2-ում, վերադարձել՝ նոյեմբերի 1-ին:
«Հոկտեմբերի 30-ին թեժ կռիվներ էին ընթանում, դեպքը եղել է մեր հրամանատարական դիտակետի մոտակայքում: Այնտեղ էինք հոկտեմբերի 29-ից: Կռվի ընթացքում՝ ժամը 16:30-ի սահմաններում, գլխի շրջանում վիրավորում ստացավ Սամվելը՝ դիպուկահարի կրակոցից»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Տարոնը:
Տարոնը խրամատում Սամվելին առաջին օգնություն է ցուցաբերել, որից մոտավորապես 1-2 ժամ հետո ընկերոջ՝ Սարգիս Սահակյանի հետ կարողացել են կյանքի գնով՝ հրետանու արկերի պայթյունների տակ, Սամվելին հասցնել Մարտունու շրջանի Գիշի դպրոց, որն այդ օրերին հոսպիտալի էր վերածվել. «Մինչ հոսպիտալ հասնելը՝ ճանապարհի կեսից ընկել ենք շրջափակման մեջ, 2 ժամ մնացել ենք ճահիճներում, որից հետո մեզ գտել են, դուրս բերել շրջափակումից: Միայն այդ ժամանակ ենք կարողացել Սամվելին հասցնել հոսպիտալ: Ընկերոջս՝ Սարգիսի ձեռքը ողջ ընթացքում վնասված էր, հոսպիտալում նրան ևս վիրահատեցին»:
Դրանից առաջ Տարոնը կանտուզիա է ստացել, սակայն համառորեն շարունակել է կռվել:
Տարոնի խոսքով՝ Սամվելը ընդամենը երկու-երեք ամսվա զինծառայող էր: Ապաքինվելուց հետո տեսել է զինակից ընկերոջը, ասում է՝ առողջական վիճակը լավ է, այժմ վերականգնողական կենտրոնում է:
Կամավորական Տարոնը ասում է, որ պատերազմի ընթացքում զինվորական կազմում խնդիրներ չեն եղել, սկզբից մինչև վերջ միասին են եղել, միասին կռվել:
Պատերազմի օրերին վաշտի ավագ հեռախոսավար Տարոն Զաքարյանը Արարատի մարզի Լանջազատ գյուղից է: Վերհիշելով անցածը՝ Տարոնը այժմ հասկանում է, որ կանտուզիա ստանալը նվազագույնն է այն ամենի համեմատ, որ նա տեսել է ռազմի դաշտում:
Արփինե Հակոբյան