Ադրբեջանը կարող է իր կամքը և քաղաքականությունը թելադրել Արցախում, իսկ եթե մենք այնտեղ չունենանք իրավիճակին համապատասխան զիված ուժեր՝ նրանք ունենալու են տոտալ գերակայություն նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև Արցախը լինելու է պատանդի կարգավիճակում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի՝ Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին հայտարարությանը:
Քաղաքագետն ասում է՝ բանակի կազմալուծման հետևանքները առավել քան ակնհայտ են. «Արցախը լինելու է անպաշտպան, այս պահի դրությամբ Արցախում բնակվող մոտավորապես 60000 քաղաքացիները մնալու են Ադրբեջանի ձեռքում՝ պատանդի կարգավիճակում և, ունենալով այդքան մեծ թվով գերիներ, Ադրբեջանը կարողանալու է իր կամքը թելադրել և հայկական կողմին պարտադրել իր ցանկությունները գրեթե բոլոր կարևոր հարցերում»:
Բանակը միտված է երկրի պաշտպանության ապահովմանը, և, եթե կորցնում ես պաշտպանության ամենակարևոր գործիքը, ապա հետևանքներն անխուսափելի են: Ըստ քաղաքագետի՝ այն, որ կազմաքանդման փուլում է Արցախի պաշտպանության բանակը, փաստ է:
«Պատերազմի ավարտից հետո, ըստ էության, զորքերի վերադասավորում տեղի չի ունեցել, համալրումներ չկան, ինչից պարզ է դառնում, որ այս իշխանությունները բանակը պահելու խնդիր չունեն և Արցախից զորքերի դուրսբերումը ՀՀ-ի համար սպառնալիք է դառնալու»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:
Հարցին, թե, ըստ Մինասյանի, ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը տվել իրենց համաձայնությունը՝ բանակի կազմալուծման վերաբերյալ, քաղաքագետը նշեց, որ երկուսն էլ դավաճան են և այլ տարբերակ չէր կարող լինել. «Երկուսն էլ դավաճանել են մեր պետությանը, սպասարկում են Ալիևին և Էրդողանին, պաշտպանում են նրանց շահը, լիզում են նրանց կոշիկները և անում են այն, ինչ որ պահանջում է թշնամին»:
Ըստ քաղաքագետի՝ թշնամին նպատակամղված է ապահովել փախստականների վերադարձը և բնակեցումը Ստեփանակերտում և այլ վայրերում:
Արփինե Հակոբյան