Վրաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Աֆղանստանից կոալիցիայի զորքերի դուրսբերման համար: Այդ մասին հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության հետ կայացած հանդիպումից հետո: Նախագահի խոսքով՝ Վրաստանը հավաստում է իր մասնակցությունը ISAF-ի խաղաղապահ առաքելությանը եւ հույս ունի Անդամակցությանը պատրաստվելու գործողությունների ծրագիր ստանալ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում:

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նաեւ այն բանի համար, որ դուք պաշտպանել եք Վրաստանի ներգրավումը Եվրամիության արագ հակազդման ուժերի կազմում, մենք հուսով ենք, որ մեր ջանքերը պատշաճ գնահատական կստանան ՆԱՏՕ-ի՝ Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում, ինչը կապահովի անցումը մեր հարաբերությունների նոր փուլի»,- ասել է Մարգվելաշվիլին:

 

Թբիլիսիում փետրվարի 12-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի արտագնա նիստը «28+1» ձեւաչափով: Կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են Վրաստան ստուգելու երկրի կողմից Տարեկան ազգային ծրագրի (Annual National Programme) կատարումը, որը գործում է 2008 թվականի դեկտեմբերից: