Պետության պարտավորությունն է ապահովել մարդկանց կենսագործունեության անխափան իրացումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած անձինք լինելու են պետության բացառիկ հոգածության ներքո՝ որպես մեր հայրենիքի առջև իրենց պարտքը անձնուրաց կատարած նվիրյալներ։
Պրոթեզավորման կարիք ունեցողներին միջազգային չափանիշների պրոթեզավորմամբ ապահովելը իրականացվելիք առաջին քայլերից է։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել հայրենիքի պաշտպանության համար անմնացորդ անձնազոհություն ցուցաբերած անձանց համար։
Այսպիսով, վաղվանից՝ փետրվարի 3-ից, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ, սկսում ենք իրականացնել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։
Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի, աշխատավայրի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։
Մեր կողմից ստեղծված բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզավորման կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման ամբողջական գործընթացը։
Որևէ դիմում լրացնելու կարիք չկա։ Մեր մասնագետները ունեն անհրաժեշտ բոլոր կոնտակտային տվյալները և անձամբ կապ կհաստատեն շահառուների հետ։
Երախտապա՛րտ ենք ձեզ ծառայության համար․․․»,- գրել է նախարարը: