Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՔԿ պաշտոնյա Հակոբ Հակոբյանը ազատման դիմում է գրել, քանի որ չի ցանկանում ներկայիս իշխանության հետ աշխատել: Հակոբ Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել էր. «Լինելով ՀՅԴ անդամ՝ իմ աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում, որի պատճառով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ ազատման դիմում»:
ԼՈՒՐԵՐ.com-ը խոսեց Հակոբ Հակոբյանի հետ, պարզելու, թե ինչու հենց այս ժամանակահատվածում նա կատարեց այդ քայլը, չէ որ ամիսներ առաջ արդեն խոսվում էր իշխանության հայրենադավ լինելու մասին. «Նոյեմբերի 10-ի խայտառակ ու ստորացուցիչ հայտարարությանը հաջորդող յուրաքանչյուր օր աշխատանքից դուրս գալու մտադրություն եղել է, սակայն կարծում էի, որ շատ շուտ սրանք կհեռանան կամ կհեռացվեն»,- պարզաբանեց Հակոբ Հակոբյանը։
Վերջինս ՀՀ քննչական կոմիտեում աշխատում էր նրա հիմնադրման օրվանից, սակայն նրա աշխատանքից դուրս գալու պատճառը միայն ներկայիս իշխանությունները չէին. «Բացի այդ, ինձ հասկացրեցին, որ իմ քաղաքական հայացքները իրենց սրտով չեն։ Մտահոգիչ է ամեն ինչ, որը ասես, որը թողես...»,- ասաց ՔԿ պաշտոնյան՝ հավելելով. « Ինձ շեշտեցին իմ դաշնակցական լինելու հանգամանքը և Նիկոլին ու գործող իշխանություններին քննադատելը»:
Իսկ, թե այդ խոսակցությունը ով է վարել ՔՊ պաշտոնյայի հետ, մեր զրուցակիցը չցանկացավ նշել, միայն ասաց. «ՔԿ համապատասխան ծառայողը, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:
Զվարթ Պետրոսյան