Քիչ առաջ Խնձորեսկի համայնքապետարանը Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչների համար հայտարարություն էր տարածել` նշելով, որ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում:
Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար բնակիչները բազմաթիվ դժվարությունների կհանդիպեն. «Այն տարածքներում, որտեղ բնակիչներն արածեցնում էին անասունները, սեփական հողեր էին ու մարդիկ իրենց տարածքներից պետք է ինչ-որ եկամուտ ստանանան, որովհետև կան մարդիկ, որոնց եկամտի միակ աղբյուրը դա է»:
Համայնքապետը նշեց, որ այդ քաոսային վիճակը վաղուց կար. «Արդեն մեծ թվով մարդիկ վաճառել են անասունները, ինչը կհանգեցնի այն բանին, որ ինչքան տարածք ունենք՝ այնքան անասուն են պահելու: Տեղ չլինելու պատճառով շատերը կվաճառեն անասունները կամ կպակասեցնեն. սա ամեն տարի էլ լինում է, ուղղակի այս տարի հայտարարությունը պաշտոնական էջով ենք տարածել, որը չկար նախորդ տարիներին»:
Համայնքապետը ընդգծեց, որ սահմանազատման աշխատանքները դեռևս ավարտված չեն, սակայն հայտարարությունը որևէ առնչություն չունի դրա հետ:
«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք:
Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում։
Արփինե Հակոբյան