Վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2020-ին մարզում կատարված աշխատանքները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով աշխատանքները մարզում որոշակիորեն դանդաղել էին, սակայն այն, ինչ պլանավորված է եղել, գրեթե ամբողջությամբ իրականացվել է:
Մարզպետի խոսքով՝ քննարկվել են 2021-ի ընթացքում իրականացվելիք ծրագրերը, որոնք, ըստ նրա, տնտեսական լավ էֆեկտ են թողնելու Շիրակի մարզի վրա: «Մասնավորապես, Շիրակի մարզի 42 համայնքների կողմից ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնց ընդհանուր արժեքը 4,4 մլրդ դրամ է»,- նշեց նա:
Հարությունյանը վստահեցրեց, որ Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են, կիսատ մնացած ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն գարնանը, դրան զուգահեռ այս տարի կնորոգվեն այլ փողոցներ: «2022 թվականի վերջին Գյումրիում կունենանք 70-80 տոկոս ասֆալտապատված ճանապարհներ»,- ընդգծեց մարզպետը:
Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել են մարզում տնտեսական նոր ծրագրերի իրականացումը: «Հույս ունենք, որ իրականացվելիք կապիտալ ծախսերն իրենց հետ բերելու են մեծ տնտեսական ակտիվություն, այսինքն՝ ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու են ավելի գրավիչ»,- եզրափակեց Հ.Հարությունյանը: