«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետք է հանդիպում ունենա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հեղինակների հետ:
Ինչպես հայտնի է, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Թագուհի Ղազարյանի հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝ լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների:
Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հենց այս կարգավորումն է առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները:
Թաթոյանի հետ հանդիպումից հետո ուշացած լսումներ կկազմակերպվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ Արման Թաթոյանը մինչ օրենքի հեղինակներին հանդիպելը քննարկում էր ունեցել մեդիա ներկայացուցիչների հետ եւ քննադատել նախագիծը՝ ասելով. «Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը, եւ ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»:
Կարճ ասած, անհեռատես, չկիրառվող նախագիծ է ներկայացվել, որի իրական նպատակը «Տելեգրամ» ալիքների տարածվածության դեմ պայքարն է, ինչն այս օրենքը այդպես էլ չի արդարացնելու»: