Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ազգային ժողովում պատգամավորական սենյակների տեղափոխություններ են: Մասնավորապես, նշվում էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Աննա Գրիգորյանը կլքի մանդատը վայր դրած, իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի աշխատասենյակն ու կտեղափոխվի Գոռ Գևորգյանի աշխատասենյակի կողքի սենյակ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում. «Նման բան գոյություն չունի, ես այս պահին իմ աշխատասենյակում եմ, չգիտեմ, թե ինչու են նման լուրեր տարածվել, ես շարունակում եմ մնալ իմ սենյակում, գոնե այս պահին»:
Դիտարկմանը, թե հնարավոր է՝ խմբակցությունից դուրս գալուց հետո խոսակցություն է եղել այն մասին, որ անկախ պատգամավորների սենյակները պետք է լինեն կողք կողքի, Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, անձամբ ինձ հետ որևէ նման զրույց չի տարվել, և ես զարմացած եմ: Այսօր եկել եմ Ազգային ժողով, և բազմաթիվ մարդիկ ինձ հենց այդ հարցն են հղում, մինչդեռ ես իմ սենյակում նստած եմ»:
Իսկ, թե առաջիկայում ինչպիսի զարգացումներ և տեղափոխություններ կլինեն խորհրդարանում՝ Գրիգորյանը նշեց, որ այդ առումով ոչինչ չի կարող ասել:
Արփինե Հակոբյան