Փաստաբան Բենիկ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքին:
 
Նա, մասնավորապես, գրել է.
 
«Դեռևս 2018թ. օգոստոսին հարուցված և մինչ օրս ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող զավեշտալի մի քրեական գործով (իսկ զավեշտը նրանում է, որ այս քրեական գործը ոչ մի բանի մասին է կամ, ինչպես կարտահայտվեր հայտնի լրագրողը, ով համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը՝ «գործը ջուր է») 2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 02:00-ին, Տարոն Անդրանիկի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Պարոն Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ես և պաշտպանյալս առհասարակ հակված չէինք հրապարակայնացնելու այս հանգամանքը, սակայն, քանի որ ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որում ժամանակակից իրավաբանությանը ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան հայտնի բարդագույն տերմինններով նկարագրել է պարոն Մարգարյանի կողմից կատարված «դարի հանցագործությունները», ստիպված եմ կարճ անդրադառնալ մի քանի հանգամանքների: Այսպես.
Պաշտպանյալս 2021թ. փետրվարի 07-ից առողջական խնդիրներով պայմանավորված գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում:
2021թ. փետրվարի 11-ին տեղեկացել ենք, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել պարոն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը կապնվել ենք քննիչի հետ ու պայմանավորվել, որ փետրվարի 13-ին պարոն Մարգարյանը կվերադառնա ՀՀ և կներկայանա քննչական կոմիտե:
Պարոն Մարգարյանը, ինչպես միշտ, հավատարիմ մնալով իր խոստմանը, փետրվարի 13-ին՝ ժամը 23:05-ին վերադարձել է ՀՀ և անմիջապես ներկայացել է նախաքննական մարմնին, որտեղ էլ վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
Այդ օրն էլ պարզել ենք, որ նախաքննական մարմինը, «մոռանալով», որ փետրվարի 11-ին մեզ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, նույն օրը պարոն Մարգարյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում:
Ինչևիցե, ես և պաշտպանյալս քննիչին միջնորդել ենք հստակեցնել մեղադրանքի բովանդակությունը, պարզաբանել դրանում տեղ գտած մի շարք հանգամանքների էությունը՝ ապահովելով մեղադրանքի որոշակիության սկզբունքը և հնարավորություն տալով մեզ հասկանալ, թե ստույգ ինչու՞մ է մեղադրվում պարոն Մարգարյանը (ժողովրդական լեզվով ասած՝ կոնկրետ ի՞նչ է արել, ի՞նչ չի արել, ինչի՞ կամ ու՞մ համար է արել և այլն և այլն):
Քննիչին միջնորդել ենք նաև ծանոթացման համար մեզ տրամադրել մեղադրանքի որոշման մեջ վկայակոչված փաստաղթերը (անհատական ակտեր, հատակագծեր, գեոդեզիական և քաղաքաշինական փաթեթներ և այլն և այլն)՝ պատրաստակամություն հայտնելով դրանից հետո տալ մանրամասն ցուցմունքներ և նշելով, որ առանց այդ փաստաթղթերի ուսումնասիրության պաշտպանյալիս կողմից ցուցմունք տալը կրելու է զուտ ձևական բնույթ:
Հարգարժան նախաքննական մարմինը մինչ օրս չի բավարարել մեր կողմից հարուցված միջնորդությունները, որոնք ոչ թե մեր քմահաճույքն են, այլ Կոնվենցիոն պահանջ, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի արդյունավետորեն իրացնել պարոն Մարգարյանի պաշտպանության հիմնարար իրավունքը:
Փոխարենը, ՀՀ քննչական կոմիտեն ժամանակ է գտել տարածելու վերը նշված հաղորդագրությունը, ինչից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ բացառապես այդ հաղորդագրությունը տարածելու նպատակով:
Պետք է փաստեմ, որ պարոն Մարգարյանն այս ֆարսին վերաբերում է հումորով:
Իսկ ես պարզապես ֆիքսեմ կարևոր մի բան ևս. այս քրեական գործը քննող քննիչները, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, ուստի վստահորեն կարելի է նշել, որ քրեական գործով իրականացվող գործողությունները, որոնցով խախտվում են պաշտպանյալիս և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, ոչ թե անփորձության և տգիտության, այլ ուղղակի դիտավորության արդյունք են... թե որտեղից է գալիս այդ դիտավորությունն ու ինչ նպատակ է հետապնդում, վստահաբար կպարզենք հետագայում:
Կրկին տեղին է հիշել հին սովետական դատախազական աֆորիզմը»: