ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել: «Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում և մոնոպոլ իրավունք ունի կրակելու», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։
 
Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ սպառնալիք, որ իշխանությունները Հայաստանի քաղաքացիների և այդ թվում՝ ՔՊ-ին ձայն տված քաղաքացիների դեմ կարող են կազմակերպել նոր Մարտի 1: Ստացվում է, որ առնվազն մեկ հարցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ էր՝ Փաշինյանի թիմը դասեր չի քաղել Մարտի 1-ի ողբերգությունից: Մյուս կողմից` Քոչարյանի այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնք ընդգծում են իշխանության գործիքակազմի անբաժան մաս դարձած երկակի ստանդարտները:
 
Հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար են այսօր դատվում Մարտի 1-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ տվյալ ժամանակահատվածում երկրի նախագահ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանը, եթե Անդրանիկ Քոչարյանի տրամաբանությամբ՝ օրվա իշխանությունները ընդամենը իրացրել են պետականության պահպանման գործառույթը և իրացրել կրակելու մոնոպոլ իրավունքը: Եվ դա էլ մի դեպքում, երբ քննությունը դեռևս չի պարզել, թե ով է ի վերջո կրակել՝ ոստիկաննե՞րը, թե՞ ցուցարարները: Վերը նշված երկակի ստանդարտները մշտապես էլ առկա են եղել, սակայն Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ դրանք ընդգծում է:
 
Մյուս կողմից էլ` Քոչարյանի նմանատիպ հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ՝ իշխանությունը պահելու համար ոչնչի առջև ընկրկել չեն պատրաստվում: Սակայն, մեկ բան Անդրանիկ Քոչարյանն ամեն դեպքում մոռանում է` իսկ ի՞նչ են անելու իրենք, եթե նրանք, ում դեմ ուղղված են այս նախազգուշացում-սպառնալիքները, չվախենան…