«Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։ Բանակցությունները միշտ լավ են, որ լարվածությունները թուլացնեն։ Թե ինչ խնդիր պետք է լուծեն բանակցությունները, կապված է, թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի։ Հետև ասածն իշխանության տեսանկյունից ժողովրդի կամքի արտահայտությունն է». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
«Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որից հետո չունենանք կորուստներ, այլ հակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այսպիսի օջախներ, որոնք կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նշեց.
«Իհարկե, 20-ականների քարտեզը, որը ունի նաև իրավական հիմք մեզ տալու է բանակցելու և ակնկալիք ունենալու հնարավորություն: Հիմա ոնց էտ պրոցեսը պետք է գնա, տեսեք գնալույա էտ պրոցեսը, բայց պարզվումա, որ շատ հասարակական կառույցներ կան, որ ասում են բերեք մի հատ մեզ հետ համաձայնացրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու»,- նշեց Քոչարյանը:
Հարցին՝ ինչ է պարզ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից, քանի որ ԱԳՆ-ն չի հերքում, որ նոյեմբերի վերջին կարող է նման հանդիպում լինել, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն դրան կողմ է.
«Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որ հստակություն լինի՝ զրոյական կետը որտեղ է և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ: Տեղի ունեցան լոկալ բնույթի խոշոր գործողություններ ու իրենք տեսան, որ ՀՀ ԶՈՒ-ն կռվելու են.... Եթե ՀՀ վարչապետի համար ՌԴ ՊՆ առաջարկներն ընդունելի են, նշանակում է՝ բխում են մեր շահերից... Մեր իշխանությունը ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը: