Ռուսական մամուլում բուռն արձագանք է գտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի (OTRK) անգործունակության մասին: Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 23-ին, 1in.am- ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 %-ով»: Դիտարկմանը՝ այդպես է՞լ է լինում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր․ «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իսկանդեր» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի (OTRK) անգործունակության մասին: Այս մասին նա խոսեց երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին՝ 1in.am- ին տված հարցազրույցում: Փաշինյանն այսպես պատասխանեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ով ասաց, որ «Իսկանդերները» կօգտագործեր Լեռնային Ղարաբաղի պատերազմի չորրորդ օրը: Սարգսյանը նաև հարցրել էր, թե ինչու այդ համալիրները չեն կիրառվել Ադրբեջանի նավթագազային օբյեկտների վրա», գրում է Lenta.ru- ն: Հունվարին «Իզվեստիան», վկայակոչելով ՌԴ ՊՆ աղբյուրները, հաղորդել էր, որ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրները (OTRK) թիրախավորելու համար կօգտագործվեն հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), մասնավորապես՝ «Forpost»: Պարբերականը, սակայն, հավելում է, որ 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ը ռուսական «Իսկանդերը» համարել էր «հնացած»: Ամերիկյան The National Interest ամսագիրը գրել է, որ «Իսկանդեր-Մ» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը (OTRK) կարող է «հնանալ»:
Ria.ru-ն իր հերթին գրում է, որ Արցախյան երկրորդ պատերազմում «Իսկանդեր» օգտագործելու մասին հայտնել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Բայց թե որ ուղղությամբ էր կիրառվել համալիրը, նա չկարողացավ ասել»,֊գրում է Ria-ru֊ն: