Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը մեծ ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք, մեղմ ասած, տարակուսելի պնդումների պատճառով: Ակնհայտ է, որ այս հարցազրույցը պլանավորված էր անցկացնել ի պատասխան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցի, այդ մասին է վկայում նաև Փաշինյանի կողմից հարցազրույցի ընթացքում հաճախ կիրառվող «մերժված» բառը, որը, ըստ էության, պատասխանն էր Սարգսյանի «կապիտուլյանտին»: Հերթական անգամ Փաշինյանը փորձ է կատարել պատերազմում պարտության մեղքը բարդել նախկինների վրա, սակայն, այս անգամ էլ զերծ չի մնացել ՀՀ ռազմավարական դաշնակցի հասցեին ոչ երկիմաստ հայտարարություններ անելուց: Փաշինյանը կարծում է, որ պատերազմի ընթացքում ռուսական Իսկանդերները կրակել են 10 տոկոսով և 80 տոկոսով չեն կրակել; Մի կողմ թողնենք այն հարցը՝ արդյոք դա հնարավոր է, թե ոչ, Փաշինյանի մեսիջը ակնհայտ է և սա հերթական փորձն է կասկածի տակ դնել ռուսական ռազմաարդյունաբերության արդյունավետությունը: Պատասխանը Փաշինյանին ռուսական կողմից չուշացավ: ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստի մեջ: «Մեր Իսկանդերը գերճշգրիտ զենք է, որը ապացուցել է իր արդյունավետությունը բազմաթիվ անգամ տարբեր զորավարժությունների ժամանակ։ Փաշինյանի խոսքերը բացառապես սուտ են և դրա մեջ նույնիսկ կասկած չկա»,– ասել է Զավարզինը։ Փաշինյանի հաշվարկն, իհարկե, հասկանալի է՝ թիրախավորվում է ռուսների համար սրբություն սրբոց և պատիվ համարվող ռազմաարդյունաբերության սեկտորը, որը լավագույններից մեկն է աշխարհում: Դրան պետք է գումարել նաև այն հանգամանքը, որ հարցազրույցը կազմակերպվեց հենց ՌԴ-ում հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, իսկ հեռարձակվեց՝ պրո-արևմտյան ուղղվածություն ունեցող լրատվամիջոցով:
Սա պատերազմից հետո Փաշինյանի առաջին կսմիթը չէ ռուսական կողմին, նախորդ հարցազրույցներից մեկում էլ վարչապետը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Արցախում ընկել են շրջափակման մեջ, դրան հետևեց ՌԴ ՊՆ-ի կոշտ հերքումը: Մի դեպքում, երբ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը այս պահին հանդիսանում է ՌԴ-ն և ռուսական զենքը, մի դեպքում, երբ Սյունիքում Հայաստանի սահմանները պաշտպանում են ռուսական խաղապահ բրիգադները, ՀՀ վարչապետի նման հայտարարությունները և պահվածքը բնավ էլ դիլետանտիզմ կամ պատահականություն չէ, այլ հստակ գծված քաղաքական գիծ՝ ուղղված ՀՀ անվտանգային համակարգի և հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը: Հասկանալի է, որ Փաշինյանի սրտով չէ՝ այսչափ պրո-ռուսական քաղաքականության վարումը և նա փորձելու է հարմար առիթը օգտագործելով ազատվել Մոսկվայից ունեցած կախվածությունից և գործը չհասցնել օրինակ՝ միութենական պետության ձևավորմանը, իսկ նման հեռանկար գոյություն ունի:
Փաշինյանի մյուս կարևոր մեսիջը ուղղված էր Արևմուտքին: Բանն այն է, որ վարչապետը ոչ երկիմաստորեն հայտարարեց, որ Ամուլսարի հանքը բացվելու է, իսկ գաղտնիք չէ, որ ամերիկյան կողմը բավական լուրջ պրեսինգ էր գործադրում Հայաստանի իշխանությունների վրա՝ հանքի բացմանը հասնելու նպատակով: Այսօր Փաշինյանը հայտարարում է, որ հանքը ամենայն հավանականութամբ բացվելու է և դա ներկայացվում է այլընտրանք չունենալու պրիզմայի ներքո: Իսկ այլընտրանքը՝ Սոթքի հանքը, իշխանությունները առանց ավելորդ քաշքշուկների, տարակուսելի պատրաստակամությամբ զիջեցին թշնամուն: Գուցե հենց այդ պատճառով, որ ունենան հանրության աչքերում Ամուլսարի հանքի բացման համար լեգիտիմ փաստարկներ: Ինչևէ, Փաշինյանը ակնհայտ մեսիջ է անում Արևմուտքին, որ պատրաստ է քայլ անել, սակայն, ինչպես թելադրում է քաղաքական խաղը, ակնկալելու է նաև պատասխան քայել, իհարկե, քաղաքական, ֆինանսական աջակցության տեսքով: Չմոռանանք նաև, որ հանքը շահագործող Լիդիան ընկերությունը ունի նաև թուրք բաժնետերեր և թուրքական բաժնեմաս, այստեղից ևս կարելի է անել որոշակի հետևություններ` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում անում են ամեն բան՝ թուրքական կապիտալի և թուրքական տնտեսական շահերի սպասարկումը առավել հարմարավետ դարձնելու համար...
Թե ինչի կհանգեցնի նման արկածախնդրությունը, որի նպատակը ամեն գնով իշխանությունը պահելն է՝ դժվար չէ գուշակել: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միանշանակ ուղղակիորեն հարվածում են Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգին: