Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կրկին հրապարակում ենք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ վերահաստատելով, որ այն ունեցել է մեր երկրին սպառնացող խայտառակ պարտությունն ու սարսափելի աղետը կանխելու նպատակ։
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ արված 2020․ թ․ հոկտեմբերի 27-ին
Հայրենակիցնե՛ր,
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»: