Հայաստանում ընդդիմադիր քաղաքական նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մի մասը փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն անցկացրել է Երևանի Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այնտեղ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղադրվել են վրաններ, որտեղ էլ շարժման անդամները գիշերել են: Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չի դադարել:
Հայրենիքի փրկության շարժումը տեղեկություն է տարածել այն մասին, որ փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց կանցկացնի հանրահավաք։ Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում: