Սյունիքի մարզի Որոտան գյուղում թշնամին երեկվանից ինժեներական աշխատանքներ է իրականացնում և խրամատներ փորում։ Բնակիչներն անհանգստանում են, իսկ պատկան մարմինները դեռևս այս հարցին չեն անդրադարձել։
Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է, թեև ադրբեջանցիները գյուղի երկհարկանի շենքի դիմաց իրականացնում են ինժեներական աշխատանքներ:
Օհանջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավունքով են ինժեներական աշխատանքներ իրականացնում և խրամատներ փորում. «Այդ հարցին պետք է պաշտպանության նախարարությունը պատասխանի, որովհետև սահմանապահների հետ անձամբ շփում չունեմ»:
Համայնքապետի խոսքով՝ ՊՆ-ից իր հետ կապ չեն հաստատել։ Համայնքում չգիտեն՝ ինչ է կատարվում։ Բնակիչներն էլ անհանգստանում են՝ ինչու են խրամատներ փորում․ «Եթե նրանք փորում են, մենք էլ կփորենք»,- ասաց համայնքապետը։
«Նման դեպքերում մերոնք դիմում են ռուս սահմանապահներին, որոնք էլ իրենց հերթին՝ ադրբեջանցիներին, և վերջիններս այդ հարցերի շուրջ խոսում են, քննարկում, ընդհանուր հայտարարի գալիս»,- ընդգծեց համայնքապետը:
Օհանջանյանը հավելեց նաև, որ ճիշտ է՝ բնակիչների շրջանում անհանգստություն կա, սակայն գյուղը լքելու մտադրություն չունեն:
Արփինե Հակոբյան