Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել և վեր է հանել Արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկան, որտեղ նշվում է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է դրվեն կադաստրային փաստաթղթերը։
Մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ»,- ընդգծեց Թաթոյանը։
Ըստ ՄԻՊ-ի՝ կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։