Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեմ պաշտպանների բողոքը. նա ազատ արձակվեց: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Սաղաթելյանի փաստաբանը՝ Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն արգելանքի տակ է փետրվարի 19-ից. ԱԱԾ-ն, նախ խուզարկություններ էր կատարել նրա տանն ու աշխատասենյակում, ապա՝ հայտարարել, թե նրան ձերբակալել են ֆեյսբուքյան ֆեյքի գործով։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ, նրան կալանավորելու սանկցիա տվել։
Պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։