Սետեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, 29-ամյա Գևորգ Արշակյանը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել ու մեկնել ռազմաճակատ: «Մոբ»-ի հետ մինչև հոկտեմբերի կեսը կռվել են Ջաբրայիլում, որից հետո տուն վերադառնալու հրաման ստացել: Գևորգի ընկերը՝ Արմեն Մխիթարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ ընկերը կրկին ծանուցագիր է ստացել, այս անգամ նույն գումարտակով վերադարձել են Արմավիրի N զորամաս: Սակայն նոյեմբերի 26-ին հրաման են ստացել՝ հսկելու Լաչինի միջանցքը:

«Լաչինում պետք է հսկեին մեր սահմանները, որպեսզի թշնամու կողմից տեղաշարժ չլիներ, մինչև ռուս խաղաղապահներն էլ կտեղակայվեին իրենց դիրքերում: Դրանից հետո հրահանգ են ստացել գնալ Հադրութ՝ պաշտպանելու Հին Թաղերի ու Խծաբերդի դիրքերը: 3 համագյուղացիներով միասին են եղել, ընդհանուր 11 հոգուց բաղկացած վաշտը հանձն է առել պահելու «Վիշկի» դիրքը: Դեկտեմբերի 10-ին Գևորգենց պետք է փոխարինեին, բայց ինչ-որ հարցեր են ծագել. պարզվել է՝ բանավոր պայմանավորվածություն է եղել հանձնելու երկու գյուղերը: Դեկտեմբերի 11-ին, երեկոյան՝ ժամը 20:00-ին, մարտերը սկսվել են, բոլորը նահանջի հրաման են ստացել, բայց, քանի որ իրենք սարի վրա են եղել, նահանջի հնարավորություն չեն ունեցել, 4 կողմից շրջափակված են եղել: Չեն հանձնվել, թշնամու հետ մարտի են բռնվել: Ոչ մեկը իրենց օգնության չի հասել, ընդհակառակը՝ իրենք են թիկունքը պաշտպանել, որպեսզի 200 զինվոր կարողանա նահանջել: Նույնիսկ թշնամին տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես են բարձրանում նույն սարը, գրավում այդ դիրքերը: 9 հոգով, մոտավորապես, 150 թշնամու կորուստ են պատճառել ու իրենց դեմ կռվել է Թուրքիայի հատուկջոկատայինների խումբը»,- պատմում է ընկերը:

Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Արմենն ասում է, որ, ըստ խոսակցությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, հերոսի պես էլ պետք է հանձնվեն:

Ընտանիքի անդամները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենց որդուն ու մյուս հերոս տղաներին տարել այդտեղ, ինչու է Պաշտպանության բանակը Պաշտպանության նախարարությունից զինվորներ ուզել և ուղարկել դիրքերը պաշտպանելու: Հույն ունեն, որ այս հարցերի պատասխանները կստանան վաղ թե ուշ:

 

«Ողջ մնացած 200 հոգին խուսափում են մեզանից, ամոթի՞ց, թե՞ մեղքի զգացումից, չգիտենք: Պետությունն էլ որևէ պատասխան չի տալիս, պարզաբանում չի ներկայացնում»,- ընդգծում է Արմենը:

Գևորգի և մյուս 8 հերոսացած տղաների զոհվելու մասին պաշտոնական աղբյուրները ոչինիչ չեն հայտնել: Միայն մեկ անգամ լուրերի թողարկումով են հայտնել, սակայն չեն շեշտել, թե ինչի համար են զոհվել, երբ և որտեղ:

9 հերոսներին հետմահու պարգևատրել են Արիության մեդալով, սակայն ոչ թե նախարարությունից անձամբ են հանձնել նրանց հարազատներին, այլ Արմավիրի մարզպետարան են ուղարկել:

Գևորգը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Սովորում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում: Նկարչության ոլորտում հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել, նաև բանաստեղծություններ էր գրում: Գևորգն ամուսնացած չէր, չէր սիրում կեղծավորությունն ու անարդարությունը:

Մարտի ժամանակ Գևորգը Տերունական աղոթքն ու իր անուն-ազգանունը թղթին է հանձնել ու դրել գրպանում՝ մտածելով, որ մարմնի՝ անճանաչելի լինելու դեպքում, այդպերպ կհասկանան, որ ինքն է:

Գևորգը հուղարկավորված է Մրգաշատ գյուղում:

Երբ լսվեց որոտը արկերի
Եվ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հավատով լցված
Հաղթական ոգով մարտի գնացի:

Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժվում սահմանները մեր,
Զինվորի արյամբ գծված սահմանը
Կյանքերի գնով անխախտ էր պահվում:

Թշնամու անթիվ արկերի դիմաց
Մեր աղոթքն էինք բարձրացնում Աստծուն,
Եվ թշնամու այդ արկերը զորեղ
Անզոր թափվում էր աղոթքներից մեր։

Հավատի հզոր ոգով տոգորված'
Միայն Աստծու հույսով ենք լցված,
Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ,
Աստծով կհաղթես անպարտ Հայաստան։

Գևորգի գրած բանաստեղծությունը

Արփինե Հակոբյան