Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ը ահազանգ է ստացել Երևանի փողոցներում փոսերի ու ջրափոսերի առկայության մասին, որոնք առաջացնում են երթևեկության խնդիրներ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մարտի 10-ից սկսած ամբողջ քաղաքում ճանապարհների փոսալցման, ասֆալտի շերտի վերականգնման աշխատանքներ են մեկնարկել:

12 վարչական շրջաններից աշխատանքներն իրականացվում են 11-ում: Վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն դեպի Նուբարաշեն տանող ճանապարհը ևս վերանորոգվում է:

«Այդ աշխատանքներն իրականացվում են ամեն տարվա պլանի համաձայն: Ամեն տարի՝ ձմռանից հետո, այդ խնդիրն ունենում ենք և, իհարկե, ոչ միայն մենք, այլև շատ այլ քաղաքներ ևս ունենում են նման խնդիրներ, որովհետև ասֆալտի շերտը որոշակիորեն վնասվում է: Դա կապված է եղանակի, օդի ջերմաստիճանի տատանումների և տեղումների հետ: Եթե ձմեռ է՝ կապված է լինում աղի ու ավազի շատ կիրառության հետ, որովհետև այդ նյութերը քայքայում են ասֆալտը և այլն»,- նշեց մամուլի խոսնակը:

Կարապետյանի խոսքով՝ ճանապարհները սկսում են վերականգնել այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ են լինում. «Ջերմաստիճանը, մոտավորապես, +10 աստիճանից բարձր պետք է լինի, որպեսզի այդ աշխատանքները մեկնարկեն, որովհետև ծիծաղելի կլինի, որ ձյան կամ անձրևի ժամանակ սկսվեն»:

 

Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ճանապարհների փոսալցման, ասֆալտի շերտի վերականգնման աշխատանքները շատ փողոցներում արդեն ավարտվել են, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում ավարտված կլինեն բոլոր փողոցներում:

Արփինե Հակոբյան