Երեկվանից համացանցում շրջանառվում է մի անդորրագիր, որում երևում է՝ վարչապետի ֆոնդից Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանին է փոխանցվել է 50.000 դրամ: Նշենք, որ Ռեփսիկ Սարդարյանը Գավառում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկն է: 

ԼՈՒՐԵՐ.com-ը կապված փորձեց կապ հաստատել Ռեփսիկ Սարդարյանի հետ, բայց ապարդյուն: Փոխարենը խոսեցինք Սարուխան գյուղի գյուղապետ Աբարահմյան Լյովայի հետ, որն ասաց, որ Ռեփսիկին երկար տարիներ է, ինչ ճանաչում է. «Ռեփսիկը անհամերաշխ մարդ է, հարևանների հետ պարբերաբար վեճերի մեջ է: Ինքը ինքնահոսի է ապրում, ունի հիվանդ եղբայր»,- ասաց Սարուխանի գյուղապետը:

Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Ռեփսիկը այն մարդը չէ, որին գումարի դիմաց կարելի է հրավիրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, բայցև նշեց նրա ոչ աշխատասեր լինելու փաստը. «Ինքը էն մարդը չի, որ ինչ-որ քանակ ապահովի, փողի դիմաց գա հանդիպման: Իրեն գումար չեն տա, զուտ իր ներկայությունը ապահովելու համար: Չնայած, որ Ռեփսիկը տեսակով աշխատասեր չէ, աշխատել է սովետական տարիներին, դրանից հետո էլ չի աշխատել»,- ընդգծեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե արդյոք Գավառում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բոլորը իրենց կամքով են գնացել, պատասխանեց. «Ես կարող եմ խոսել միայն մեր Գավառի բնակիչների անունից: Գավառում ամեն մեկը իր կամոք է եկել հանդիպման»,- նշեց նա, իսկ անդորրագրի առկայությունը, նա բացատրեց հետևյալ կերպ. «Իմ կարծիքով՝ վարչապետը տեսել է Ռեփսիկի վիճակը, հագուստը, ասել է՝ 50.000 դրամ փող տվեք էդ կնոջը: Ես էլ եմ օգնել նրան, ի՞նչ կա այդտեղ»,- եզրափակեց գյուղապետը:

Զվարթ Պետրոսյան