Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան Հայաստանին չեն տալու, եւ, անկախ արդյունքից, ոչ մի պրոբլեմ չեն լուծելու: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես կարծում եմ, որ իշխանությունների կողմից կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հրաժարվի պլան B-ից, որը ենթադրում էր ապստամբություն, Վազգեն Մանուկյանը ժպտալով ասաց. «Կարող է պլան C էլ ավելացնենք: Կարեւորը, որ հիմա գտնվում ենք պլան A-ի մեջ, եւ հարց չենք դրել, որ պլան B-ի: Հետո պլան B-ն ոչ թե առաջարկում են, այլ դա ինքն իրեն է լինում: Ապստամբությունները սովորաբար չեն նախապատրաստվում, դրանք լինում են ժողովրդի դժգոհության գագաթանակետի պահին»: