Կովկասի բնության հիմնադրամն (CNF) իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:
Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին և 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել 1 միլիոն 920 հազար եվրո: