Ինչպես արդեն հայտնել ենք, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Գործարար կապերի խորհուրդ», որի շրջանակներում երեկ` մարտի 31-ին, նախաձեռնությունը անցկացրել է Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հանդիպում-քննարկում։ 

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը նշեց, որ այս տարիների ընթացքում չէին խոսում, խնդիրների մասին չէին բարձրաձայնում, քանի որ կարծում էին՝ հնարավորություն կար ինչ-որ բան փոխելու. «Զգում էինք, որ չենք կորցնում, կորուստ չկար, պարտություն չունեինք, ոչինչ չունեինք: Սկսել ենք ինչ-որ բան ասել, իհարկե, որոշ մարդկանց դուրը չի գալիս, տարբեր բաներ են ասում, թե քաղաքականությունը կեղտ է, այնտեղ ստահակներ են հավաքվում: Իհարկե, մենք ամեն մեկս զբաղվել ենք մեր գործով, և այդ տեղը զբաղեցրել են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ բան անել»:

Թովմասյանը վստահ է, որ այժմ ոչ թե լռելու և սպասելու ժամանակն է, այլ գործելու. «Պետության լինել-չլինելու հարցն է դրված: Այսինքն՝ մենք չպետք է լռենք, պետք է մեր ակտիվությունն ու գիտակցությունը ցուցաբերենք, որովհետև գործարարները ավելի բանիմաց, գիտակից, ավելի խոշորները՝ նաև քաղաքականությունից հասկացող մարդիկ են, և դրանք շաղկապված են՝ ինչքան պետության վիճակը վատ լինի, այնքան գործարարների և տնտեսության վիճակը կվատանա»:

«Ընտրություններից հետո ոչինչ չի փոխվի․ ես այս ֆիլմը արդեն տեսել եմ և լռելու բարոյական իրավունք չունեմ: Մենք հայտարարել ենք 44-օրյա պայքարի և այս իշխանություններին հեռացնելու մասին. միասին պետք է որոշենք՝ ինչ անել՝ մեր երկրի ապագան կայունացնելու համար»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում: