Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսական խաղաղապահ զորակազմի համար առաջնահերթությունների շարքում է, և աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:
Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ապրիլի 12-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում:
«Գերիների վերադարձի հարցը ռուսական կողմի համար առաջնահերթություններից մեկն է: Այդ ուղղությամբ համառ ու հետևողական աշխատանք է ընթանում: Փաստացի տեղյակ եք՝ մեկ անգամ չէ, որ գերիներ են վերադարձել: Ես վստահ եմ, որ Մուրադովն այդ ուղղությամբ կշարունակի աշխատանքը»,-ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, թե իբր «բոլոր գերիները վերադարձված են», դեսպանը դժվարացավ մեկնաբանել. «Որքանով ինձ է հայտնի՝ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, և ռուսական կողմի համար այն առաջնահերթությունների շարքում է»: