Կառավարությունը քննարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։ «Այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարվում։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։ Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35,4 մլրդ դրամով, ծառայությունների ծավալը՝ 33,9 մլրդ դրամով։
«Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- ասաց Քերոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հարգելի քաղաքացիներ, ես առաջարկում եմ խուճապի չմատնվել արվող առաջարկից և ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ առաջարկը խաթարում է քաղաքացիների հանգստի իրավունքը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի համաձայն: Նա իր հերթին առաջարկեց ոչ աշխատանքային օրեր սահմանել նաև հունվարի 2-ը և 3-ը, իսկ աշխատանքային դարձնել հունվարի 4-ը, 5-ը և 7-ը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, սակայն ՀՀ վարչապետը նշեց, որ այն մանրամասն կքննարկվի, այդ թվում՝ Ազգային ժողովում: Թեման շրջանառվել է հանրային կարծիքն ու տրամադրություններն ստուգելու համար: «Սա եկեք ընդունենք ոչ թե որպես վերջնական քաղաքական որոշում, որը կայացվում է, այլ ավելի շատ առաջարկ, որն արվում է հանրությանը, մեզ բոլորիս՝ մտածելու համար: Որովհետև այս թեմաները միշտ ծագում են հունվարի 8-ին կամ 9-ին, երբ մենք հետահայաց նայում ենք, թե վերջին տասն օրն ինչ ենք արել և ինչով ենք զբաղված եղել, կամ էլ դեկտեմբերի 20-ին, երբ մտածում ենք, թե առաջիկա 15-18 օրն ինչ ենք անելու»,-նշեց Փաշինյանը: