Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը առաջարկում են օրենսդրական կարգավորումներով կրճատել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ժամկետները։ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ներկայիս օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: «Այսինքն՝ քաղաքացին մահացավ, սահմանված է վեց ամիս, որ հնարավոր լինի ստանալ այդ անձի ժառանգությունը, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է պատերազմի ժամանակահատվածում, տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ապա այդ դեպքում ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ, որովհետև ժառանգություն ստացողը բաց է թողնում օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում նոտարին դիմելու հնարավորությունը»,- պարզաբանեց պատգամավորը:
Նա նշեց, թե այս խնդրին բախվել են 2020 թվականի պատերազմում զոհված ու տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները:
Իշխանական պատգամավորները հիմա ներկայացնում են լուծում՝ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը պետք է համարել ոչ թե մահվան օրը, այլ՝ մահվան պետական գրանցման օրը, որ ժառանգը կարողանա ստանալ ժառանգությունն ու կաշկանդված չլինի վեցամյա ժամկետով:
Նազարյանը նշեց նաև, որ այս լուծումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմումը: Առաջարկվող նախագծով բանկային հաշվին եղած գումարն էլ է համարվում ժառանգություն, և այս նախագիծը կօգնի ստանալ գումարը:
Լենա Նազարյանը չի տիրապետում վիճակագրությանը, թե քանի հոգի կարիք ունի այս նախագծի, սակայն իրեն հայտնի է մեկ դեպք ու հենց այդ մեկ հոգու համար էլ նախաձեռնել է այս փոփոխությունը:
Հարակից զեկուցողը՝ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն էլ ասաց, թե այս նախագծով որոշակի դատական քաշքշուկից ազատում են մարդկանց, ում այս օրենքը վերաբերելի կլինի:
Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանն էլ նշեց, որ նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվել են բոլոր այն իրավիճակները, երբ անձինք, որոնց ինքնությունը նույնականացվել է ու նրանք արդեն ժառանգություն ընդունելու կամ հրաժարվելու դիմումներ արդեն ներկայացրել են նոտարներին:
«Կարգավորվել են նաև այն իրավիճակները, որ եթե նշված կատեգորիայի անձանց համար ժառանգատուների ժառանգությունը ընդունելու համար դիմումները ներկայացվել են, ապա ժառանգության վեց ամսվա ժամկետի հոսքը պետք է սկսվի այս օրենքի ուժի մեջ մտնելու պահից»,- նշեց Գրիգորյանը: