ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագիրը: Ինչպես Հրամանագրում նշված է.

 

Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը՝ որոշում եմ.

 

1. Հաստատել՝

 

1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն 1-ին հավելվածի.

 

2) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագիրը:

 

3. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

 

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: