Համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանային անցակետերում, շուրջօրյա ռեժիմով, այդ թվում' ոչ աշխատանքային օրերին, ստեղծվել է հնարավորություն անձնագրում օտարերկրյա պետություն այցի վավերականության նշում կատարելու համար:
Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: «Այս տարվա 9 ամիսների ընթա ցքում սահմանային անցակետերում կատարվել են 2 հազար 414 նշումներ: Հաշվի առնելով այն հանագամանքը, որ բավական ժամանակ է' անխափան գործում է ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու գործերի վերաբերյալ էլեկտրոնային ծանուցման եղանակը, նախատեսվում է էլեկտրոնային ծանուցման նման եղանակ նաեւ կացության հատուկ կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձանց համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարդարյանը:
Ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայություններում տեղադրել լրացուցիչ սարքավորումներ' նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներն ընդունելու համար: Պ Սարդարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև ձեռք բերել լրացուցիչ շարժական կայաններ' տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանց տեղում լուսանկարելու համար: