Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է: Ի պատասխան՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում էր, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Կոմիտեն տեղեկացնում էր՝ իրենք տեղյակ են օդանավի գտնվելու վայրի մասին և սերտ համագործակցում են առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

«Նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- հայտնում էին Կոմիտեից: