ԼՈՒՐԵՐ․com-ը Մեծ Եղեռնի, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և այլ հարցերի շուրջ զրուցել է Հայ Դատի Ավստրալիայի գրասենյակի ղեկավար Հայգ Կայսերյանի հետ:

Պարո՛ն Կայսերյան, ապրիլի 24-ին Ավստրալիայում ի՞նչ միջոցառումներ իրականացրիք:

Հաշվի առնելով՝  կորոնավիրուսի պայմանները, ապրիլի 23-ի երեկոյան ոգեկոչման միջոցառումը տեղի ունեցավ առցանց տարբերակով: Բազմահազար մարդիկ էին հետևում, որի ընթացքում շեշտադրեցինք Հայոց ցեղասպանությունը՝ կապելով Արցախում տեղի ունեցած վերջին իրողությունների հետ: Տեղի ունեցավ նաև վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որի ժամանակ ելույթներ ունեցան Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը: Մենք էլ, անշուշտ, ունեցանք մեր պահանջատիրական խոսքը, արտահայտեցինք մեր դժգոհությունն Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դիրքորոշմանը: Իր լռությամբ և ցեղասպանություն բառը չգործածելով՝ աջակցում է Թուրքիային, որպեսզի կարողանա շարունակել իր հարձակողական դիրքորոշումը Հայաստանի և Արցախի դեմ: Մոտավորապես, 20 ելույթներ տեղի ունեցան կառավարական և խորհրդարանական անձնավորությունների կողմից, որի ժամանակ բոլորը շեշտեցին իրենց աջակցությունն Ավստրալիայի կառավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին քայլարշավներ իրականացրինք Սիդնեյում և Մելբուռնում` բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ, այդ թվում՝ ասորի ու հույն համայնքների ներկայացուցիչներ:

-Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ փաստացի պաշտոնապես ճանաչելով այն: Ըստ Ձեզ՝ ինչի՞ արդյունք էր դա և ի՞նչ ակնկալիքներ ունեք: Նկատենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն էլ անընդունելի համարեց ԱՄՆ նախագահի ուղերձը:

 

Եթե Չավուշօղլուն խոսում է այդ հարցի մասին, նշանակում է, որ այն ունի կարևորություն: Անկախ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններից՝ ԱՄՆ-ն մեծ ու ազդեցիկ պետություն է և ժողովրդավարական երկրների մեջ ամենահզորներից: Տարիներ շարունակ ԱՄՆ-ում  Հայ դատի հանձնախմբի մեր գործընկերները աշխատել են դա իրականացնելու համար և ուրախ ենք, որովհետև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը  մեծ ազդեցություն կունենա, նախ արևմտյան աշխարհում: Ջո Բայդենի հայտարարությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ նաև Ավստրիալայի, Անգլիայի, Իսրայելի վրա, որոնք մինչ օրս  չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

-ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն և բարեկամություն  հաստատելու կոչեր են հնչեցնում. ի՞նչ եք կարծում, որքանով է դա իրատեսական:

44-օրյա պատերազմում ոճրագործությունները, որոնք տեղի ունեցան, պետք չէ պատճառ դառնան, որպեսզի մենք մեր հարաբերությունները բարելավենք այդ թշնամի պետությունների հետ: Մի քանի ամիս առաջ մեր քաղաքացիներին էին ռմբակոծում, հայկական զորքերին մահվան էին ենթարկում և մինչ օրս ունենք մեծ թվով հայ գերիներ թշնամու բռնության տակ, ուստի այս իրավիճակում ամենասխալ ժամանակն է հարաբերությունները կարգավորելու մասին խոսելը: Մինչև այդ ոճրագործությունները չճանաչեն, չեն կարող անկեղծ հարաբերություններ հաստատվել: Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա պատրաստ չէ բարեկամություն հաստատել մեզ հետ: Մեր կոչն է, որ բանակցային որևէ գործընթաց, որը պետք է սկսվի, նախևառաջ լինի նախապայմաններով՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, ռազմագերիների վերադարձ, Արցախի Հանրապետության կարգավիճակի հաստատում և այլն:

Հայաստանը պիտի ճանաչի Արցախի Հանրապետութունը. դա կասկածի տակ դնել պետք չէ: Մեր նպատակն է Արցախի ինքնորոշման իրավունքների ճանաչումը, կարգավիճակի հաստատումը և պիտի աշխատենք այդ ուղղությամբ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը և աշխարհի չորս կողմում գտնվող բոլոր հանձնախմբերը ունեն նույն նպատակը:

-Հունիսի 20-ին նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ի՞նչ եք կարծում՝ հիմա որքանով է տեղին ընտրությունների անցկացումը:

Մեզ համար առաջնայինը համայնքին հուզող հարցերն են և կարևոր է ունենալ կառավարություն, որը կլինի պահանջատեր թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքները պաշտպանելու, թե՛ մարտունակ և ապահով պահելով մեր երկրի սահմանները: Ամենահաջող ժողովրդավար պետությունները միշտ ավելի առողջ են, երբ կուսակցություններն ունեն գաղափարախոսություն, որովհետև դա ստեղծում է առողջ մթնոլորտ, քաղաքականությունն էլ անցակենտրոն չի լինի, այլ կենտրոնացած է լինում ծրագրերն իրականացնելու վրա. Հայաստանում այդպիսի քաղաքական իրավիճակ չկա: Ներկա քաղաքական իրավիճակի շուրջ մտահոգ եմ. պարտություն կրող պետությունը պետք է  հաշվետվություն ներկայացնի՝ հրաժարական տալով կամ այլ քայլերով, բայց, դժբախտաբար, նախընտրական հարցերով է զբաղված:

Պայմաններն այնպիսին են, որ այս իրականության մեջ ընտրությունների անցկացումն ամենահարմար ելքն էր, սակայն պետք է լուծված լինեին բանակին և Սյունիքին առնչվող հացերը, այսինքն՝ կային ուրիշ առաջնահերթություններ ևս: Հաշվի առնելով երկրում ստեղծված չափազանց մեծ անվստահությունը՝ կարծես թե, ժողովուրդն էր ցանկանում նման հաշվետվություն: Մենք ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ ժողովրդի կողքին ենք կանգնած, պատրաստ ենք ընդունել ցանկացած որոշում  և թիկունք կանգնել հայրենիքի բարգավաճմանը, սահմանների ապահովմանը, Արցախի ճանաչմանը և այլ հարցերում:

Արփինե Հակոբյան

Կարդացեք նաև՝ «Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»:

«Խաղաղասիրական ճիգերը միակողմանի են և իրականանալի չեն, քանի դեռ մեր թշնամին դրա համար ոչ մի քայլի չի դիմել»: