Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ռոմինա Մուրան հարց է բարձրացրել երկրի կառավարության առջև' Իտալիայում Թուրքիայի դեսպանատան գործունեության առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պատգամավորի անձնական կայքից:

 


Մասնավորապես՝ նա գրել է. «Հաջորդ տարի կնշվի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ:
Այսքան տարի հետո էլ Թուրքիան շարունակում է ժխտել, որ իրագործել է ցեղասպանություն, և ճնշման քաղաքականություն է վարում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «ցեղասպանություն» են կոչում քրիստոնյա հայերի ոչնչացումը:

 


Թուրքական կառավարությունը հասել է այն բանին, որ անգամ թիրախավորել է Հռոմի պապ Ֆրացիսկին, ով այն անվանում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»»:

 

Պատգամավորը գրել է հոկտեմբերի 24-25-ին իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ Կալյարի քաղաքում կայացած Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովի մասին, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:
«Համաժողովին մասնակցում էին նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և Կալյարիի քաղաքապետ Մասիմո Զեդան: Դրա ընթացքում քաղաքապետը ցույց տվեց այն գաղտնի նամակը, որ ստացել էր Իտալիայում Թուրքիայի դեսպանատնից, որում գրված էր' չմասնակցել այդ միջոցառմանը' համարելով այն ոչ խելամիտ:

 


Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանն էլ հաստատել է, որ նմանատիպ ճնշումները Թուրքիայի կողմից դիվանագիտական ուղիներով բացառություն չեն Իտալիայում, և բազմիցս թուրքական իշխանություններն իրենց բողոքի նոտան են հղ լ Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների դեմ»,- գրել է նա:

 

Հաշվի առնելով վերոգրյալը' պատգամավորն Իտալիայի կառավարության առջև հետևյալ հարցն է բարձրացրել. «Չեք կարծում, որ վերոնշյալը թուրքական իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով լուրջ միջամտություն է այն հարցերին, որոնք վերաբերում են Իտալիայի Հանրապետության քաղաքացիների ազատ արտահայտմանը:

 


Նպատակահարմար չե՞ք համարում բողոքի ակցիա իրականացնել թուրքական կառավարության դեմ' Կալյարիի քաղաքապետի նկատմամբ Իտալիայում թուրքական դեսպանության վերաբերմունքի համար»,-նշել է Մուրան: