Անմահացած հերոսների թվին դասվեց նաև 20-ամյա Շահեն Հարությունի Գալստյանը՝ ծնված 2001 թվականի օգոստոսի 20-ին: Շահենը սովորել է շատ լավ, գիտեր չորս լեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն)։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շահենի մայրը՝ Արփինե Պետրոսյանը:
Շահենը 5 տարեկանից գնացել է պարի, իսկ արդեն 13 տարեկանում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Եվրոպական երկրներում ներկայացնում էր Հայաստանը՝ միշտ գրավելով առաջին կամ երկրորդ պատվավոր հորիզոնականները. «Դպրոցն ավարտելուն պես Շահենը ընդունվում է ՀՊՄՀ պարարվեստի բաժին: Տղաս «Բերդ» պարային անսամբլի մենակատար էր, ընկերները իրեն ասում էին «պարի արքա»։ Կարդում էր ռուս և հայերեն գրականություն, գերազանց գիտեր հայոց պատմությունը և աշխարհագրությունը։ Հաճախում էր տարբեր պարերի պարապունքների»,- նշեց հերոսի մայրը։
Նա սիրով զորակոչվել էր բանակ՝ հայրենիքի առաջ պարտքը տալու. «Սկզբում ծառայել է Լուսակերտում, որտեղ ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Տղաս փայլում էր իր գիտելիքներով, անգամ նկարն են փակցրել Լուսակերտի պատին: 6 ամիս հետո Շահենս ծառայությունը շարունակեց Կապանում. հրետանավոր էր տղաս»,- հպարտությամբ, բայցև խորը ցավով ասաց Արփինե Պետրոսյանը:
Ըստ վերջինիս խոսքերի՝ պատերազմի օրերին հերոսի տրամադրությունը միշտ բարձր է եղել. խուսափում էր հաճախակի տուն զանգահարելուց. «Պատերազմի օրերին 4 օրը մեկ էր զանգում, շատ բարձր տրամադրությամբ։ Հարցնում էի՝ տղա՛ս, ո՞նց ես, պատասխանում էր՝ շատ լավ, ինձ ի՞նչ ա եղել որ, իմ մասին մի մտածեք, դուք ձեզ լավ նայեք։ Ասում էի՝ Շահե՛ն ջան, ինչի՞ հաճախակի չես զանգահարում, ասում էր՝ մա՛մ ջան, չեմ կարա, մի մտածի իմ մասին, եթե վատ բան լինի վատ լուրը շուտ կհասնի»,- հուզմունքով պատմում է Շահենի մայրը:
Հերոսի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին. խոսակցությունը շատ կարճ է եղել. «Ձայնը խզվել էր, հարցրեցի՝ հիվա՞նդ ես բալե՛ս, ասաց՝ չէ՛, մա՛մ ջան, ես լավ եմ...ու կապը անջատվեց։ Հետո հրամանատարից պարզեցի, որ ձայնը խզվել էր, բարձր գոռալուց՝ համազարկով կրակ ասելուց»,- ընդգծեց Արփինե Պետրոսյանը։
Ընտանիքի հետ զրուցելիս Շահենը հաճախ էր ասում՝ ես 20 զինվոր ունեմ, պետք է իրենց մասին հոգ տանեմ ու այդպես էլ եղավ: Նա զոհվեց հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում: Հերոսը, ԱԹՍ-ի հարվածը վերցնելով իր վրա, փրկեց զինակցի կյանքը:
Զվարթ Պետրոսյան