ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը, որին հաջորդել է Ապրիլյան պատերազմը: Այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Միշտ առաջ է տարվում այն միտքը, թե ես գիտեի, որ, եթե բանակցողը փոխվի, բանակցային տրամաբանությունը նույնպես կփոխվի: Կանցնեն տարիներ, կբացվի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը: Դրանից հետո եկել է 2016թ. գարունը և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան: Բանակցությունների արձանագրություններ կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից տեղեկանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ենթադրվող հանրաքվեի վերաբերյալ, որին պետք է մասնակցեր ԼՂ բնակչությունը, նշված չէ, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ:

«Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ, բայց ԼՂ բնակիչ լինելու համար, պետք է բնակվել ԼՂ-ում: Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիներն, ըստ Սերժ Սարգսյանի հղման, ԼՂ-ում որտե՞ղ պետք է բնակվեին»,- նշեց վարչապետը: