Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղակայված են ռուսական զրահամեքենաներ ու ռազմական ուղղաթիռներ: Այս մասին գրում է Avia.pro կայքը:

«Ռուսաստանի զինված ուժերը տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին իրենց լրացուցիչ ուժերը տեղակայել են Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու: Այսպիսով, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների` Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, որտեղ գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվել են 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետեր», - ասել է Նիկոլ Փաշինյանը, չնայած ավելի վաղ հայտնի էր միայն, որ այս շրջանում կա մեկ ռուսական հենակետ:

Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս հնչեցրած խոսքերն էին Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ հայտնի է, որ տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսել են տեղակայվել ադրբեջանական մարտական դիրքեր, ինչը ոչ միայն անուղղակիորեն, այլև ուղղակիորեն խոսում է նոր ռազմական կոնֆլիկտի նախապատրաստության մասին:

Ռուսական կողմը դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի տվել այս կապակցությամբ, այնուամենայնիվ, փորձագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի մարզում ռուսական բանակի լրացուցիչ ուժերի տեղակայումը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմն Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ նոր ուժեր տեղակայելու մասին տեղեկություն ունի»,- գրում է կայքը: