Այս տեսանյութը նկարահանվել է Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, որտեղ ԿԸՀ պաշտոնական տվյալներով (Elections.am) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ձայների ռեկորդային թվով՝ 99.6 %: Րաֆֆի Հովհաննիսյանը այս գյուղում չէր ստացել ոչ մի ձայն:
Րաֆֆի Հովհաննիսյան՝ 0 ձայն.
Սերժ Սարգսյան՝ 252 ձայն:
Մենք փորձեցիքն շփվել մարդկանց հետ և ճշտել, արդյո՞ք նրանք այդքան գոհ են իրենց կյանքից, որ բոլորը միաձայն ընտրել են Սերժ Սարգսյանին: Արդյունքում մենք պարզեցինք, որ գյուղում չկա նորմալ ճանապարհ, չկա նորմալ խմելու ջուր, գյուղը ընդհանրապես գազաֆիկացված չէ: Բոլորն անխտիր դժգոհում էին կյանքի պայմաններից և նորմալ կյանքի համար տարրական ենթակառուցվածքների բացակայությունից:
Այն հարցին, թե ինչո՞ւ են իրենք քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, մի քանի հետաքրքիր պատասխան հնչեց.
1. Ես քուրդ եմ, իսկ նա լավ է վերաբերվում ազգային փոքրամասնություններին
2. Նա խոստացել է վերանորոգել դպրոցը և ճանապարհը, չնայած նույն բանը խոստացել էր նաև 5 տարի առաջ
3. Ես կրթություն չունեմ և չեմ կարողանում կարդալ, իմ փոխարեն քվեարկել է գյուղապետը
Եվ վերջապես, իմ կարծիքով, ամենաանկեղծ, պատասխանը.
4. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փող բաժաներ, նրան կընտրեինք.
Մոտավորապես նման տեսարան հայտնվեց մեր առջև այն գյուղում, որտեղ միաձայն քվեարկած գյուղացիները բողոքում էին մեծ խնդիրներից և դատարկ խոստումներից.