«Ես տարբեր զրույցների ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին խնդրել եմ Հայաստանում հնարավորինս ավելի երկար ներկայություն ապահովել»,- այս մասին մայիսի 11-ին Արմավիրի մարզում իր ելույթում ասաց «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նա նշեց՝ մարդիկ փնտրում են նոր ուժ, նոր հույս, նոր կողմնորոշում, որը կապված չէ 30 տարի տեղի ունեցած տապալումների ու խայտառակությունների հետ․ «Մարդիկ փնտրում են ուժեր, որոնք ունեն սրտի ցավ, հոգի, զգացում ու ծրագիր, որոնք տարիների ընթացքում ապացուցել են, որ կարելի է լինել կայուն, ամուր, սկզբունքային»,- ասաց Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Արմավիրի մարզում էր, եղավ նաև Ջանֆիդա գյուղում, որտեղ ծաղիկներ խոնարհեց պատերազմում նահատակված հերոսների շիրիմներին, այնուհետև այցելեց Հոկտեմբերյան քաղաք՝ Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիր:
Արմավիրցիների խնդրանքով Արա Աբրահամյանը հանդիպեց նաև նրանց հետ, պատասխանեց հուզող հարցերին։ Այնտեղ ելույթի խոսքով հանդես եկավ նաև Տիգրան Ուրիխանյանը։