Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:
Ինձ հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.
ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑ. ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ ՄԱՐՏԵՐ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ այն ժամանակ, երբ թշնամին հատում է վերջին ամիսներին ամբողջովին իր օգտին գծված շփման գիծը և առաջանում դեպի մեր առանց այն էլ ռազմավարական խորությունից զուրկ տարածք, առավել ևս Սյունիքի սահմանների ուղղությամբ։
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑ. ե՞րբ է ՀՀ քաղաքական իշխանությունը սուսուփուս հրաժարական տալու և արծրուն հովհաննիսյանի պես չքվելու Հայաստանից։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐՑ. ե՞րբ է փոխվելու ու պատժվելու ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը, որը շարունակաբար աչք է փակում այս ոտնձգությունների վրա։
ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐՑ. Ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր անել քաղաքական ընդդիմությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ մինչև հունիսի 20-ը կայանալիք այսպես կոչված ընտրությունները։ Թե՞ ընդդիմությունն էլ է որդեգրել «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է» հին արատավոր թեզն ու դարձյալ բավարարվելու է անատամ հայտարարություններ անելով։
Թուրք ոսոխին պետք է դիմադրել զենքով, զենքով, զենքով, որովհետև այլ բան նա չի հասկանում։ Դիմադրության չհանդիպելով՝ թուրքը միշտ էլ առաջ է շարժվելու հայկական հողի վրա։ ՀԱՍԿԱՑԵ՛Ք, այ «խաղաղասեր» անմեղսունակներ»։