Ադրբեջանցիները մտածված եկել են և պետական սահմանը խախտել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը' հավելելով, որ քիչ առաջ է Սև լճի տարածքից վերադարձել:
«Բանակցություններն ընթացքում են, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաներն իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք. ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա»,–ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով' հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենց տարածքն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը:
«100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը»,–ասել է Սյունիքի մարզպետը:
Հարցին, թե շա՞տ են առաջ անցել' մարզպետը պատասխանել է, որ տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր են առաջ եկել վաշտերով և դասակներով։
Հիշեցնենք, առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տարածքում ադրբեջանցիները 3 կմ առաջ են եկել, ընթացել են մարտեր, կան վիրավորներ:
Ավելի ուշ ՊՆ-ն տեղեկացրեց, որ «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ ՊՆ-ի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։