Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը երեկ ևս, մոտավորապես, 300-400 մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Վերջինիս խոսքերով՝ ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում, որը ոչ հայկական կողմինն է, ոչ էլ՝ ադրբեջանական. «Նրանք ոչ մի քայլ հետ չեն արել, տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է: Մեր զինվորները վերահսկում են իրավիճակը»,– ասաց նա։
Արտյոմ Երանոսյանը նշեց, որ ողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել. «Տեխնիկա են բերել սարի ծայրին, ամբողջ գիշեր լույսերը վառած աշխատում էին, ձայներն էլ բարձր լսվում էին, բայց թե՞ խրամատ էին փորում, թե՞ ինչ էին անում՝ չեմ կարող ասել»,- ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավարը:
Նա նշեց, որ այս պահին ադրբեջանցի զինվորների հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ բնակչության շրջանում էլ որևէ խուճապ և անհանգստություն չկա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը հատել էին երկու օր առաջ՝ առաջ գալով մոտ 500 մետր։
Զվարթ Պետրոսյան