Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց․
«Այսօր բանակցությունները ընդհատվել են, և շարունակությունը տեղի կունենա վաղը՝ 15։00-ին, բայց ես ուզում եմ արձանագրել մի շատ կարևոր նրբություն՝ միջազգային հանրության և ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում։ Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքիային քարտեզներով։ Եվ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում եղած քարտեզները աներկբա են դարձնում սահմանի, սահմանային գծերի և կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»։