Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին դա նախ պետք է գրանցեր ԱՆ ՔԿԱԳ մարմնում, հետո այցելեր ոստիկանություն, ստանալու Հանրային ծառայության համարանիշ, հետո այցելեր սոցիալական ապահովության ծառայություն, որ ստանար երեխայի 200 հազար դրամ միանվագ գումարը, իսկ այնտեղից քաղաքացուն ուղարկում էին բանկ, որ այդ գումարն ստանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Մենք ոչ թե այդ 4 մարմնի փոխարեն 1 մարմին ենք նախատեսել, այլ ավելին, այդ գրանցումները նախատեսել ենք իրականացնել ծննդօգնություն տրամադրող բուժհաստատությունում, որ անգամ արդարադատության նախարարություն մեր քաղաքացիները ստիպված չլինեն այցելել:

Հիմա աշխատում ենք որդեգրումների համակարգի բարեփոխման վրա, որի նպատակը եւս ավելի թափանցիկ ու կանխատեսելի համակարգն ունենալն է»,-ասաց նա: