«Նորիկս իմ միակ երեխեն ա, լավագույն զինվորներից ա եղել, միշտ աչքի ա ընկել իր կարգուկանոնով, տենց էլ չհասկացա, թե ինչ եղավ էդ երեխու հետ, հեքիաթ դարձավ տղայիս պատմությունը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մայիսի 18-ից Վարդենիսի տարածքից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը:

Վերջինս նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է մայիսի 14-ին, դրանից հետո ոչ մի լուր չունի: Դեպքի մասին իրեն չեն հայտնել, այլ ինքն է, մայրական անհանգստություն կանխազգալով, գնացել զորամաս. «Մայիսի 19-ի առավոտյան գնացի Վարդենիսի զորամաս, ինձ ասացին, որ երեխեն դիրքը լքել ա, փախել ա: Նորիկս առողջական խնդիրներ ունի: 15 տոկոս ողնաշարի թեքություն ունենալով՝ ծառայել ա սահմանափակումով՝ պիտանի ոչ շարքային ծառայության. այդ ամենով հանդերձ՝ նրան բարձրացրել են դիրքեր»,- պատմում է Լիլիթը:

Անհետ կորած ժամկետային զինծառայողի մայրն ասաց, որ որդին մոտեցել և խնդրել է հրամանատարին, որ իրեն դիրքեր չբարձրացնեն, վախենում է. «Ես կամբատին ասում եմ՝ ինչու եք երեխային բարձրացրել դիրքեր, այն դեպքում, որ երեխան ասել ա՝ վախենում ա, և բացի դա էլ ունի առողջական խնդիրներ, կամբատը պատասխանեց՝ մեզ գլխաքանակ ա պետք: Իմ իմանալով՝ երեխեքը գլխաքանակ չեն, ես էլ ասացի, եթե գլխաքանակով ես տանում երեխեքին դիրքեր, բա ինչի՞ չես իջացնում հետ, պատասխանտվություն չես կրում իրանց համար»,- ասաց Նորիկի մայրը:

 

Լիլիթը պնդում է, որ համացանցում տեղ գտած լուրերը և զորամասից իրեն հասած տեղեկությունները, շատ տարբեր են, մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ. «Մեկն ասում ա՝ երեխեն 2 օր քնապարկի մեջ ա մնացել, իսկ զորամասից ասում են, որ վախի պատճառով երեխեն իրենց կողքը չէր քնում, բայց էդ դեպքում էլ հաստատ իրենցից 100 մետր հեռավորության վրա մենակ չէր քնի: Մեկն ասում ա, որ ժամը 1-ին ա փախուստի դիմել, իսկ համացանցում այլ ժամ ա նշված»,-ընդգծեց նա:

Զինծառայողի մայրը այն կարծիքին է, որ որդին անհետացել է հրամանատարության անուշադրության պատճառով. «Չգիտեմ՝ երեխեն վախի պատճառով ա լքել դիրքը, թե այլ պատճառներ կան, բայց որ հրամանատարության կողմից անուշադրություն ա եղել, դա փաստ ա: Ասում են՝ դրա նախորդ օրը հայերի ու ադրբեջանցիների միջև ձեռնամարտ ա եղել, բայց էդ ժամանակ Նորիկը ներքևում ա եղել, հնարավոր ա, որ դրանից ա վախեցել ու լքել դիրքը»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ, ըստ իրեն, Նորիկը լքել է դիրքը ոչ թե ամսի 18-ին, այլ 14-ին, երբ դադարեցրել է կապ հաստատել նրա հետ:

Իսկ այն հանգամանքը, որ որդու հեռախոսը գտել են իրեն վստահված դիրքից մի քանի մետր հեռավորության վրա, Լիլիթը մեկնաբանեց այս կերպ. «Զինվորական համազգեստի  գրպանները այնքան խորն են, որ հնարավոր չէր վազելուց ընկներ, հավանաբար, վերցրել են երեխու հեռախոսը, հիմա էլ ասում են՝ գտել են»,- ասաց Նորիկի մայրը:

Զվարթ Պետրոսյան