Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները' ծնողները և ամուսինը, մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով: Չզեկուցվող նախագիծը հավանության արժանացավ կառավարության հունիսի 10-ի նիստում:

Նախագիծը նախ հիշեցնում է գործող կարգը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի' «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով' սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները' ծնողները և ամուսինը:

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: 2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը 4 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա­բաժանում:

Եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար, ապա 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար' մայիս ամսվան հաջորդող ամսվա 1-ից պետք է դադարեցվեր նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը:

Այսպիսով' ներկայացված նախագծով հստակեցվում է որոշման շահառու հանդիսացող անձանց կողմից և հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում հիմնադրամի կողմից միանվագ գումարից նվազեցման շրջանակը, աջակցության վճարման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 9 ամիս: