«Արջը հարձակվել էր մեզ վրա, մեզի ուտում էր, մենք էլ դանակով խփել ենք, բա թողանք մեզի ուտեր, ախպորս ուտեր, աշխատողիս ուտեր»,- ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածված իր լուսանկարն այսպես բացատրեց Մյասնիկյան համայնքի բնակիչ Բրո Քալաշյանը:
Սոցիալական ցանցում այսօր տարածվել է գորշ արջի սպանելու լուսանկարը, որը հրապարակել է newspress.am-ը, որտեղ դրան սպանող անձինք ժպիտով ցուցադրել են Կարմիր գրքում գրանցված կենդանու կտրված պարանոցը: Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք եղայրներ Թեմուր և Բրո Քալաշյաններն են:
Բրո Քալաշյանը (լուսանկարում աջից) Hetq.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ երեք օր առաջ են սպանել արջին` Ալագյազ գյուղի սարերում, որտեղ իրենք անասուններն են տարել, և ընտանիքով էլ ժամանակավորապես այնտեղ օթևանել են: Կենդանուն սպանել են, որովհետև հարձակվել էր իր ընտանիքի անդամների և իր աշխատակցի վրա: Բրո Քալաշյանի խոսքով` արջը թաթերով վնասել է եղբոր գլուխը, իր ձեռքը և աշխատողի հետևից է հարվածել:
Քալաշյանը վստահ է, որ արջը ոչ թե մեկ տարեկան է, ինչպես սոցիալական ցանցում տարածվել է, այլ մեծ` 3 տարեկան:
«Կենդանին անցած ձմեռվա ծնունդ է, առավելագույնը 1.5 տարեկան։ Ձագ է, հասուն չի դեռ»,- վստահեցնում է էկոլոգ Արևիկ Մկրտչյանը:
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Այս մասին Բրո Քալաշյանին հիշեցնելուց հետո, վերջինս նշեց, որ պետությունը իրենց պետք է պաշտպաներ արջից:
«Ջղայնացած եմ պետության վրա, 20 հոգի մարդ կար, 10 երեխա կար, բա իրենց վնասեր: Մերն էլ է ստեղ, պիտի պետությունը գա մեզի պաշտպանի: Վախենում ենք, առանց զենքի, մեզի դակոմենտով զենք էլ չեն տալիս, դանակով ենք պաշտպանվել»,-ասում է Բրո Քալաշյանը:
Մեր հարցին, թե արդյոք արջի մնացորդներն իրենց մոտ են, պատասխանում է. «Կաշին քերթել ենք, տունը դրած է, թող կամիսիան գա ստուգի` ինչով ենք խփել»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում